Ապրիլի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման
նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի:
Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը
Վեհափառ Հայրապետին ներկայացրեց այցի նպատակները և նախարարությունների միջև հետագա
համագործակցության առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այնուհետև, ողջունելով պատվիրակության այցը Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց, որ երկու
երկրների միջպետական հարաբերությունները սկսում են զարգանալ: Նորին Սրբությունը
վստահություն հայտնեց, որ հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր
ներկայությունը Իսրայելում ևս դրական ներգործություն կունենա երկու երկրների համագործակցության
ամրապնդման գործում:
Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև հայ և հրեա
ժողովուրդների բազում ընդհանրություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը
կարևոր նկատեց, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն առավել զորացնեն
իրենց կապերն ու համագործակցությունը` համատեղ պայքարելու, որպեսզի նման ոճիրները
բացառվեն և այլևս տեղ չգտնեն մարդկության կյանքում:
Իր հերթին տիկին Օրիթ Նոկեդը ներկայացրեց այցի վերաբերյալ
իր տպավորությունները:
Հանդիպմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Երուսաղեմ կատարած հովվապետական իր
այցերին, Հայ Եկեղեցու միջկրոնական հարաբերություններին:
Մայր Աթոռ
Ս. Էջմիածին
Տեղեկատվական Համակարգ
տնօրեն` Տ.
Վահրամ քահանա
Մելիքյան