Viernes, 2024-05-17, 8:12 AM





ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ  - IGLESIA APOSTOLICA ARMENIA
Inicio Registrarse Entrada
Le saludo, Visitante · RSS
pagina de inicio
Categorías de la sección
Noticias [228]
CONTENIDO
Calendario
«  Abril 2013  »
LuMaMiJuViSaDo
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
RELOJ
CONTADOR
Archivo de registros
 
Inicio » 2013 » Abril » 5 » Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
2:07 PM
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
 «Զի կեանս յաւիտենականս ետ մեզ Աստուած,

եւ այս են կեանքն, որ յՈրդին Նորա են»
(Ա Յով. Ե 11):

 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Բացվող գարնան ջերմության և նոր կյանքով լցվող բնության զարթոնքի հետ մեր հոգիներում այսօր «Քրիստոս յարեաւ» հրեշտակաձայն ավետիսով թևածում են Հարության տոնի հույսն ու խնդությունը` նորոգելով ու զորացնելով մեզ վստահության մեջ, որ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ, և այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»:
Առաքյալի այս խոսքը վկայում է մարդկության պատմության ընթացքը վերափոխած իրադարձության մասին, որը կատարվեց, երբ խաչված և գերեզմանում դրված Քրիստոս հարություն առավ մահվանից: Այդ պահից մահն իշխանություն չունի մարդկանց վրա, մեղքը քավված է, մահվան թագավորությունը խորտակված: Գերեզմանից այն կողմ փրկության ու հավիտենական կյանքի լույսն է, որ պայծառորեն շողում է այսօր մեր հոգիներին` նորոգելով մեզ մեր հույսի ու հավատքի մեջ:
Քրիստոսի Հարության հավատքը ուժ և զորություն է բերում միշտ վեր հառնելու և ապրելու այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Այդ կյանքի հիմքը սերն է, նվիրաբերվող սերը, այն սերը, որով Աստծո Որդին աշխարհ եկավ, փրկչական Իր առաքելությունը իրականացրեց և պատգամեց Իր աշակերտներին ու հետևորդներին ասելով. «Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց» (Յովհ. ԺԳ 34): Մարդկային կյանքի հիմքում Քրիստոս դրեց սերը, որպեսզի կատարյալ լինի մարդը, և ոչինչ չպակասի մարդուն: Սերը ստեղծում է, կերտում ու հաստատում և ոչ` կործանում. լուսավորում է, հուսադրում, խինդ ու երանություն է պարգևում և ոչ` անորոշության ու վհատության մատնում, վիշտ ու տրտմություն բերում: Սերը բարիքի ու երջանկության աղբյուրն է, վեմն է խաղաղության ու արդարության, քաջալերությունը` միմյանց աջակցության ու զորակցության` հանուն մարդկության բարօր, միշտ զարգացող առաջընթաց կյանքի:
Այսօր Քրիստոսի Հարության տոնի բերկրանքի հետ Մեր սրտում նաև ափսոսանքն է, որ մարդկության կյանքում ամենուր և մշտապես չի դրսևորվում մեր Տիրոջ պատգամած սերը մարդու և Աստծո ողջ արարչագործության հանդեպ: Երկու հազարամյակ քարոզվող քրիստոսապատվեր սիրո սերմերը ընկնում են հաճախ Աստծուց հեռացած հոգիների անբերրի ապառաժի վրա, կամ արդյունք չեն տալիս մարդկային անհոգության պատճառով, և կամ չարն է հափշտակում Տիրոջ կողմից սերմանվածը` սփռելով որոմ և մոլորեցնելով մարդկանց առ բարին ընթացքների մեջ: Ներկայիս աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական բարդ զարգացումները, զորացող անձնակենտրոն մտածողությունը, հոգևոր-բարոյական արժեքների անտեսումը նոր հակասություններ ու հակամարտություններ, խնդիրներ ու հոգսեր են առաջ բերում հասարակությունների կյանքում և մարդկային հարաբերություններում: Խաղաղ ու ներդաշնակ կյանքը խաթարող այսպիսի իրողություններից վեր հառնելու ուղին է լուսավորում այսօր հնչող ավետիսը Քրիստոսի Հարության` բերելով պատգամը այն կյանքի, որ Աստծո Որդու մեջ է: Իրական է այդ կյանքը, մատչելի և հասանելի ամենքիս: Երբ մարդկային խոհերն ու գործերը ծնունդ են առնում և առաջնորդվում Աստծո հանդեպ հավատքով ու միմյանց հանդեպ սիրով, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է: Երբ խնամքն ու աջակցությունը հասարակության նկարագիրն ու բնական վիճակն են, դա Քրիստոսի մեջ եղող կյանքն է, երբ 30 արծաթով չեն հարթվում հուդայական կեղծիքի ու մատնության ուղիները և պիղատոսյան անտարբերությամբ անարդարություններ չեն իրագործվում, դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, երբ նեղության, թե լիության մեջ աղոթքը և առ Աստված փառաբանությունն են մարդկանց շուրթերին, ու ընտանիքներում հասակ են առնում բարեպաշտ զավակներ` դա այն կյանքն է, որ Քրիստոսի մեջ է, և որին Աստծո բարեխնամ շնորհով կանչված է մարդկությունը:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր մեզ համար շարունակում են մտահոգիչ մնալ հայրենական և ազգային մեր կյանքը հուզող լուրջ մարտահրավերները` Ղարաբաղի հիմնահարցը, մեր երկրի շրջափակումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, արտագաղթը, կեղծ արժեքների ու բարքերի ներթափանցումը: Անհանգստացնող են նաև վհատության, վատախոսելու տրամադրությունները, փոխադարձ վստահության պակասը, միմյանց ունկնդիր լինելու անպատրաստակամությունը և անհաշտ պարտադրանքը սեփական ճշմարտության: Վանենք մեզանից այսպիսի դրսևորումները: Մեր ճշմարտությունը նորանկախ Հայաստանն է` դարերի անմար երազը մեր պապերի ու հայրերի. ազատագրված Արցախը` մեր ոգու նորօրյա հերոսացումը, մեր հպարտ հաղթանակը: Մեր ճշմարտությունը նեղության, դժվարությունների դիմակայող մեր ժողովուրդն է, պատերազմի սպառնալիքի ներքո հայրենի սահմանները պաշտպանող Հայոց բանակը, աշխարհասփյուռ մեր համայնքներն են` հանապազ մարտնչող ազգային և հոգևոր ինքնության համար, այսօր վտանգված, հյուծվող սիրիահայ համայնքն է` կարոտ սատարումի ու աջակցության: Այս իրողություններն են մեր առջև, սիրելի բարեպաշտ ժողովուրդ: Մեր Հայրենիքի հզորացման, մեր ծաղկուն կյանքի կառուցման, ազգային վերածնության ու զարթոնքի մեր տեսիլքների ու իղձերի իրագործման համար մեկ ճանապարհ ունենք` այն կյանքը, որ Աստծո Որդու մեջ է: Փրկչի հարության ավետիսով նորոգենք մեր ուխտը Աստծո հետ, գոտեպնդվենք հավատքով, հարուցյալ կյանքի հույսով` հաղթահարելու համար առկա նեղություններն ու դժվարությունները: Մերժենք մեր կյանքից երկյուղ, վհատություն և ամեն տարակույս, որ կարող են ջլատել մեր ժողովրդին ու մեր միասնականությունը, և միմյանց զորակցությամբ իրագործենք հայրենաշեն ու ազգաշեն մեր բոլոր ծրագրերն ու նվիրական նպատակները: Մեր Տիրոջ կողմից վկայված և պատգամած սիրով ապրենք, որպեսզի յուրաքանչյուրիս հաջողությունը, ձեռքբերումը ծառայեն ընդհանուր բարօրությանն ու առաջընթացին, հաղթանակ, փառք ու պատիվ դառնան մեր երկրի և ողջ ազգի համար, և մենք մնանք հավատարիմ ու սեփական ժողովուրդ Աստծո` արժանի Տիրոջ երկնային շնորհներին ու պարգևներին:
Մեր Տիրոջ հրաշափառ Հարության ավետիսով ի Քրիստոս եղբայրական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:
Հարուցյալ Տիրոջ շնորհների հայցով ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն` մաղթելով արդյունաշատ գործունեություն և մնայուն ձեռքբերումներ` հանուն մեր երկրի և մեր ժողովրդի լուսավոր գալիքի: Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության ավետիսով Մեր օրհնությունն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով երկնային ամենայն բարիք և գործոց հաջողություն:
Հայրապետական Մեր սերը և օրհնությունը` մեր Սուրբ Եկեղեցու ուխտյալ սպասավորներին և հավատավոր Մեր զավակներին ի սփյուռս աշխարհի:
Աղոթում ենք, որ հարուցյալ մեր Տիրոջ շնորհները հեղվեն մարդկանց հոգիներին, որպեսզի աշխարհում ամենուր հաստատվեն և արգասավորվեն խաղաղությունը, միմյանց հանդեպ սերն ու արդարությունը: Թող Տերը խաղաղ պահի մեր Հայրենիքը, մեր ժողովրդին` ի սփյուռս աշխարհի և օրհնի բոլոր ջանքերը` հանուն մեր կյանքի բարօրության ու մեր հավատքի պայծառության, որպեսզի ազգս հայոց այսօր և միշտ խնդությամբ ավետի`



Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է Յարութիւն Քրիստոսի:



Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան






Categoría: Noticias | Visiones: 236 | Ha añadido: termashtots | Tags: Harutian, Padgam | Ranking: 0.0/0
Total de comentarios: 0
Copyright MyCorp © 2024
Formulario de entrada
Búsqueda
Titulos
20-րդ միջազգային էկումենիկ կոնֆերանսը Իտալիայի Բոզե վանական համալիրում
El renacimiento del monasterio de Tatev
Exposición en Venecia del primer libro publicado en armenio
Hace un tiempo
La gran abstinencia o Medz Bak. Por Sergio Kniasian
Porque las iglesias cristianas celebran en diferentes fechas el navidad
«Ասպետ Սուրբ Էջմիածնի» տիտղոս և հայրապետական շքանշան` ազգային բարերար Նազար Նազարյանին
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթ
«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
«Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի Օլիմպիադայի հանրապետական փուլը` Մայր Աթոռում
«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում
«Վանական կյանքը Հայ Եկեղեցում» խորագրով սիմպոզիում Զալցբուրգում
Աղոթքը կյանք է
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով կմեկնի Ֆրանսիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արցախ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին
Nuestra encuesta
Estimen mi sitio
Total de respuestas: 1
Hacer un sitio web gratis con uCoz