Հունիսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանի և Լիտվայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում և բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն հայտնեց երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցության առիթով:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրեց հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում և թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների և ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին:
Իր հերթին տիկին Յուկնևիչիենին նույնպես կարևորեց քրիստոնեական արժեքների և Եկեղեցու դերակատարությունը հասարակության կյանքում` այս առնչությամբ հիշատակելով նաև խորհրդային տարիներին եղած արգելքները:
Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց բանակում հոգևոր սպասավորների կարևոր ծառայությանը և այս կապակցությամբ երկու երկրների փորձառությանը:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի, ինչպեսև երկու երկրների հոգևոր կյանքի, Քույր Եկեղեցիների ու այլ կրոնների հետ Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Գեդրիուս Ապուոկասը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան