Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին:
Հանդիպման ընթացքում ողջունելով «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի ներկայացուցչական խմբի այցը Հայաստան` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց համալսարանի տնօրինությանը և հոգաբարձուներին կրթական ոլորտում կարևոր և պատասխանատու առաքելություն ստանձնելու համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև Գաֆեսճյան ընտանիքի ջանքերի շնորհիվ ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում: Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում և բարձրագույն կրթական հոգևոր հաստատություններում` մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:
Իր խոսքում «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն ուրախություն հայտնեց համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագային ավելի կզորանա:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան