«Արգելված պտուղն ուտելով` ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը»( շարական)
Մեծ Պահքի ԵՐԿՐՈՐԴ կիրակին կոչվում է Արտաքսման կիրակի: Այս կիրակին հիշատակն է մեր նախածնողների` Ադամի ու Եվայի` դրախտից արտաքսվելու: Սբ. Զատկի շարժականությամբ պայմանավորված՝ այս տարի Մեծ պահոց Բ կիրակին համընկնում է փետրվարի 26-ին:
Ադամը և Եվան դրախտի երանավետ փափկության մեջ երկար չմնացին:Աստվածաշունչ մատյանի Ծննդոց գրքում նկարագրվում է, թե ինչպես նրանք իրենց անհնազանդության, այն է`Աստծո կողմից արգելված պտուղը ճաշակելու պատճառով(որն, ի դեպ, հենց պահքի ու ժուժկալության պատվիրանն էր) արտաքսվեցին դրախտի երանավետ փափկությունից և դատապարտվեցին մահկանացու կյանքի` իր բոլոր տխուր ու տաժանելի հետևանքներով հանդերձ. Ճակատի քրտինքով հացը հայթայթել, երկունքի ցավերով զավակածնություն և այլն: Ահա թե ինչպես է ներկայացնում այս իրավիճակը Շնորհք պատրիարք Գալուստյանը իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» սքանչելի աշխատության մեջ.
«Խանգարվեց այն ներդաշնակ հարաբերությունը, որ կար Աստծո և մարդու միջև և ապա` բնության ու մարդու միջև: բանական ու անբան կենդանական աշխարհների միջև թշնամություն մտավ. մարդը` գազաններին, և գազանները մարդուն թշնամի դարձան: Բնության ամենահրաշալի երևույթը, այսինքն` կնոջ որդեծնության աստվածադիր օրենքը, վերածվեց ցավագին երկունքի, մարդու ամենից բնական և ամենից հաճելի զբաղմունքը` աշխատանքը, վերածվեց տանջանքի: Եվ բոլոր դժբախտություններն իրենց լրումին հասան, երբ «Տեր Աստված Եդեմական դրախտից դուրս հանեց ու արտաքսեց մարդուն` մշակելու հողը, որից նա ստեղծված էր…»(Ծննդ. Բ 16-24): Օրվա շարականը այս ողբերգական իրողության հիշատակումն է.
Դու, ո´վ Տեր, նախ դրախտում հաստատեցիր պահքի սուրբ օրենքը,
Որը մեր նախածնողները չպահեցին և արգելված պտուղն ուտելով`
Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:
Ուստի շնորհի´ր մեզ, Տե´ր, որ ճաշակենք Քո պատվիրանների քաղցրությունը:
Թշնամին զանազան մեղքի վերքեր բացեց մեր հոգիների մեջ.
Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք և կարոտ մնացինք Մարդասերիդ,
Որ մեր ցավերը վերցնես:
Ուստի բժշկի´ր մեզ, Քրիստո´ս, իբրև մարդասեր: (Ա պատկեր)
Եվ երիցս ճշմարիտ է երջանկահիշատակ Շնորհք պատրիարքը, երբ ասում է, թե Ադամ-Եվայի պատմությունը յուրաքանչյուրիս պատմությունն է, դժբախտաբար, հավերժորեն կրկնվող և մշտնջենապես ներկա:
« Մարդկանցից ո՞վ չի ունեցել իր փորձության ժամերը` ճիշտ Ադամի և Եվայի նման: Ո՞վ չի հրապուրվել «արգելված պտուղի» տեսքով, ո՞վ իր նմանների կամ իր ներաշխարհի ձայնը չի լսել. «Մի´ վախեցիր, կե´ր, կհասունանաս, կիմաստնանաս, աչքերդ կբացվեն, կմեծանաս, փորձառություն ձեռք կբերես» և սրանց նման բազում այլ փսփսուքներ: Ո՞վ իր նձեռքը «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել:
Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը» և թե «մերկացած է» իր անմեղությունից, որն ունենալուն անդրադարձել է միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրել է այն: Եվ ինքն իրեն «մերկացած» զգալուց հետո ո՞վ չի խուսափել շրջապատի աչքերից, ծնողներից, անկեղծ ու հարազատ բարեկամներից…Ո՞վ չի հեռացել իր կրոնից, իր Եկեղեցուց, որոնց մեջ մարդն զգում է Աստծո ներկայությունը… Սրանք այլևս Աստվածաշնչի էջերից վերցված պատմություններ չեն` մարդու նախածնողների մասին` գրված երեք հազար տարիներ առաջ: Սրանք այժմեական և ամենօրյա երևույթներ են, որոնց դերակատարներն ամեն օր և ամենուրեք ապրող, շրջող ու շնչող մարդիկ են. ե´ս եմ, դու´ ես, նա´ է, ամենքս ենք… »:
Ապա շարունակում է դառնացած պատրիարքը. «Սակայն քանի՞ հոգի ենք տեսել, մենք էլ նրանց մեջ, որ կարող են քաջություն ունենալ իրենց անկումի մեջ պատասխանատվության իրենց բաժինը տեսնելու. չէ՞ որ մարդու սովորությունն է իր վրիպումներին իբրև պատասխանատու միշտ ուրիշին մատնանշելը: Այս խոսքերն ամենքս էլ չե՞նք լսել. «Սատանան ինձ խաբեց, կանայք անկումիս պատճառ եղան, տղամարդիկ ինձ այս վատ ճանապարհով առաջնորդեցին» և նման հազարումի պատճառներ` ինքներս մեզ արդարացնելու համար»:
Ուրեմն`Մեծ պահքի Երկրորդ կիրակին նախածնողների ողբերգության միջից մեզ հիշեցնում է, թե մեղք ասվածը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է մեր երջանկության աղբյուրից` մեր Արարչից:
Ադամի և Եվայի գործած մեղքի պատճառով , որը ժառանգվեց ամբողջ մարդկությանը, դրախտը միայն հիշատակ ու հիշողություն մնաց մարդու համար: Սակայն Հիսուս Աստվածորդին Իր հայտնությամբ ու մկրտության խորհրդի հաստատումով ջնջեց նախաստեղծի գործած մեղքը: Եվ փաստորեն Երկրորդ Ադամով` Քրիստոսով`Աստծո Որդու մարմնացումով, Նրա` «Մարդու Որդի» դառնալով դարձյալ բացվեց դրախտի ճանապարհը` զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով վերստին արժանի դառնալու երկնքի Արքայությանը և դրախտի երանությանը: Այս մշտակա Հույսն է առկայծում Արտաքսման կիրակիին նվիրված շարականի Բ պատկերի տողերում.
Դառը պտուղի մեր ճաշակումը, որով կորցրինք արդարությունը
Քո քառասնօրյա պահքով փոխեցիր Քո օրենքի ավելի քաղցր ճաշակումին:
Խմեցրու´ մեզ, Տե´ր, Քո սիրո ուրախարար բաժակը:
Մարիա´մ, Մա´յր Աստծո, որ անապական ծնունդովդ
Նախամոր երկունքը մեղմեցիր, բարեխոսի´ր Միածին Որդուդ,
Որ քանդի մեր մեղքի կապանքները, և աղաչի´ր,
Որ փրկի մեզ փորձությունից:
Կորսված դրախտը վերագտնելու, Դարձի և Փրկության մասին կպատմի Մեծ Պահքի Երրորդ` Անառակի կիրակին:
Պատրաստեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
http://hayernaysor.am/