«Առաջից եւ ետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ն` բարձունքներում» (Մատթ. ԺԱ 9)
Այս տարի Մարտի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարում է իր գեղեցկագույն տոներից մեկը` Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի տոնի խորհուրդը բովանդակում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի հետ կապված մի շարք կարևոր դեպքեր, ի մասնավորի` Ղազարոսի հարությունը` Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որը մեր Տերն իրագործեց Երուսաղեմ մտնելու նախորդ օրը, ինչը և առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից առաջ:
Ղազարոսի հարությունը
Բեթանիա քաղաքում ապրում էր մի ընտանիք, որի անդամները` Ղազարոսը և նրա քույրերը` Մարթան ու Մարիամը, Տիրոջ ուսմունքի հետևորդներն էին: Հիսուսը շատ էր սիրում նրանց, նրանք էլ փոխադարձ ջերմագին սիրով կապված էին Փրկչի հետ: Մարթան միշտ սիրով սպասավորում էր սեղանը, իսկ Մարիամը սիրում էր նստել Տիրոջ ոտքերի մոտ և ունկնդրել Նրա քարոզը: Մի անգամ նա թանկագին անուշահոտ յուղով օծեց Քրիստոսի ոտքերը և սրբեց իր մազերով:
Եվ ահա մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ: Իրենց եղբոր կյանքի համար տագնապած քույրերն այդ մասին տեղեկացրին Հիսուսին: Հիսուսը պատասխանեց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով փառավորվի Աստծո Որդին»: Երկու օր հետո Հիսուս Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա: Ղազարոսն արդեն մահացել էր: Մարթան, ընդառաջ գնալով Հիսուսին, ասաց. «Տե´ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս մեռած չէր լինի: Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, քեզ կտա»: Հիսուս նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը, հարություն կառնի»: Մարթան նկատի ուներ Համընդհանուր հարությունը, մինչդեռ Տերը խոսում էր ներկայի մասին: Եվ Հիսուս նրան ասաց. «Ե´ս իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեպետև մեռնի, կկենդանանա»: Եվ գերեզման գնալով` Հիսուս պատվիրեց բացել գերեզմանի մուտքը: Մարթան վախենում էր, որ դիակն արդեն նեխած կլինի, քանի որ մահվան չորրորդ օրն էր: Այդժամ Հիսուս բարձր ձայնով աղաղակեց ու հրամայեց. «Ղազարո´ս, վե´ր կաց, դու´րս արի»: Եվ Ղազարոսը հարություն առավ:
Հրաշքի լուրն անմիջապես տարածվեց հրեաների մեջ, և երբ հաջորդ օրը Տերը մտնում էր Երուսաղեմ, ժողովուրդը Նրան դիմավորում էր ցնծության աղաղակներով: Բայց սա արդեն բուն Ծաղկազարդի տոնին է վերաբերում, որի մասին` քիչ հետո: Վերադառնալով Ղազարոսի հարության հրաշքին` ասենք, որ չորս օրվա մեռյալին հարություն տալով` Քրիստոս ցույց տվեց Իր բացարձակ իշխանությունը մահվան վրա: Եվ դա կատարվեց Նրա չարչարանքներից ու խաչելությունից անմիջապես առաջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ինքը կամավոր է կրում դրանք` հանուն բոլորիս փրկության, որ Իր մահը խաչի վրա ոչ թե Իր տկարությունն է, այլ հաղթանակը չարի և մահվան հանդեպ, նաև այն, որ , վերջապես, Ինքն էլ հարություն պիտի առնի...
Տոնի խորհուրդը
Ղազարոսի հարության հաջորդ օրը, ինչպես վկայում են ավետարանիչները, Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ` Զատկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ուղեկցությամբ: Նրա առջև մարդիկ փռում էին իրենց զգեստները և սփռում ձիթենու և արմավենու ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով` պահանջեցին Հիսուսից, որ լռեցնի նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նույնիսկ նրանք լռեն, քարե´րը կաղաղակեն»:
Իրականում տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր` իրագործելու դարեր շարունակ Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը` մարդկության փրկագործությունը: Այդ ժամանակ ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասվում Քրիստոսին, չէր պատկերացնում, թե ինչպիսին է լինելու աշխարհի փրկության գինը: Ոչ ոք այդ օրը չէր կարող ենթադրել անգամ, որ այդ փրկագործությունը լինելու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ Նրա մատնությամբ ու անպատիվ մահով: Մարդիկ ցնծում էին ամբացատրելի ուրախությամբ` չգիտակցելով, որ աշխարհի Փրկչին ուղեկցում են դեպի փրկչական տնօրինությունների ավարտը` դեպի Խաչելություն...
ՅԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս Իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ´ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ` մի քուռակ. արձակեցէ´ք բերէք ինձ: Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. «Ասացէ´ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը` հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ Նա նստեց դրանց վրայ: Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: Առաջից եւ ետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում»: Եւ երբ Նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին` ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: (Մատթ. ԻԱ 1-10)
Մնում է ավելացնել, որ այս օրվա հիշատակությամբ Եկեղեցին ամեն տարի հավաքվում է տոնահանդեսի` Հիսուսին դիմավորող հրեաների նման ցնծալով և ուրախություն ապրելով: Սակայն, ի տարբերություն նրանց, ամեն մի իսկական քրիստոնյա հավատով գիտե ճշմարիտ առիթը այդ ուրախության, որը, եթե դադարի, «քարերը կաղաղակեն», ինչպես ասաց Ինքը` Հիսուս: Մենք, ուրեմն, գիտենք, որ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ սկիզբն է այն իրադարձության, որով բացվեց քրիստոնյաներիս մուտքը դեպի Երկնքի արքայություն...
Ծեսը
Անդրադառնալով տոնի զուտ ծիսական կողմին` ասենք, որ այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ (հնում` նաև` Արմավենյաց տոն), քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր` ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ առհասարակ Ծաղկազարդի կիրակին քրիստոնյա եկեղեցիները նաև զարդարվում են արմավենու ճյուղերով ու ձիթենու ոստերով` ավելի իմաստալից ու պատկերավոր դարձնելու համար Հիսուսի մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի տոնի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է Ս. Խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը` ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Օրհնված և ժողովրդին բաժանվող ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևորդների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը` մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող, մահին հաղթած և կենդանություն պարգևող:
Ծաղկազարդի օրը` Պատարագից հետո, եկեղեցիներում նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում:
Պատրաստեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
http://hayernaysor.am/