Սիրելի հայրենակիցներ,
Հայկական տպագրության սկզբնավորումից հետո 2012 թ. երկրորդ նշանակալից հինգհարյուրամյակը կապվում է Սուչավայի Հաճկատարի վանքի հիմնադրման հետ:
1512թ., երբ Միջերկրականի ափերին` Վենետիկում, Հակոբ Մեղապարտը հրատարակում էր հայերեն առաջին տպագիր գիրքը, Եվրոպայի մեկ այլ կենտրոնումª Ռումինիայի Սուչավա քաղաքում, որը հայ մատենագրության մեջ հայտնի է Սեչով անվանմամբ, Տոնավագ տոհմանունը կրող վաճառական երկու եղբայներ դեպի Վիեննա իրենց ճանապարհին` այս քաղաքի մերձակա բլուրներից մեկի վրա, մի հրաշալի տեսիլք տեսանª երկնքից երկիր իջնող հրեշտակաձայն օրհնությամբ լեցուն: Արթնանալով ուխտեցին հիմնել մի վանք, որն էլ իրականացրեցին նույն տարում: Ուխտի կատարմամբ կառուցված այս վանքը կարճ ժամանակում դարձավ Ուխտակատար մի սրբավայր ոչ միայն ռումինահայության, այլև ռումինացիների համար` հռչակվելով որպես Եվրոպայի հայության մուրազակատար Սուրբ Կարապետ:
ՙՀաճկատար՚ նշանակում է հաճոյից կատար, այսինքն ցանկությունները, խնդրանքները կատարողª խնդրակատար: Մեր ժողովուրդը Հաճկատար անունն է տվել Տիրամորը նվիրված մի շարք նշանավոր սրբավայրերիª ապավինելով Տիրամոր բարեխոսությանը խնդրանքների կատարման համար:
Ուխտավորների առջև առաջինը գծագրվում է բլրի վրա բարձրացող վանքի խաչը, որի համար ժողովուրդը Հաճկատարն անվանում է նաև Խաչկատարª խնդրանքների կատարումը խաչին ապավինելով:
Պատահական չէ և մեծ խորհուրդ ունի Հաճկատարի հենց Սուչավայում հիմնվելը: Սուչավան Եվրոպայի հայկական հնագույն թեմական կենտրոններից է, որն առանձին թեմ է հռչակվել դեռևս 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի հատուկ հրովարտակով` մի քանի հարյուրամյակ մնալով Արևելյան Եվրոպայի հայությանը համախմբող կարևորագույն կենտրոններից մեկը: 15-16-րդ դարերում Սուչավայում կառուցվել են վեց հայկական եկեղեցիներ ու երկու վանքեր: Ողջ Եվրոպայում դժվար է գտնել մեկ այլ քաղաք, ուր այսքան հայկական վանք ու եկեղեցի կառուցված լինեն և այն էլ այս դարերում:
Այս զարմանահրաշ երևույթը հոգևոր մի խորին խորհուրդ ունի: Սուչավայի հայերի նախնիներն այստեղ են հասել Անի – Ղրիմ - Ուկրաինա - Ռումինիա երկար ճանապարհն անցնելով և շառավիղներն են Բագրատունյաց փառքի պսակը եղող Անիի: Այս պատճառով է, որ ճանաչված պատմաբան Սուրեն Քոլանջյանն իր մեծարժեք ուսումնասիրությունը վերնագրել է ՙՍուչավանª Ռումինահայոց Անին՚ :
Սուչավայի հայությունը ոչ միայն Անիից սերված լինելու հիշողությունն ու գիտակցությունն է պահել, այլև եկեղեցաշինության ոգին` Անիի հազար ու մեկ եկեղեցիների մի մանրակերտը ստեղծելով Սուչավայի հայկական հոգևոր օջախներով:
Համայն հայությունը վերջերս տոնեց Անիի Բագրատունյաց մայրաքաղաք հռչակվելու 1500-ամյակը: Սուչավայի Հաճկատարի 500-ամյակն անիական փառքի ևս մեկ ղողանջումն է, որը գալիս է հավաստելու, որ Անին շարունակվեց անիականությամբ, Անիից սերված լինելու հպարտ գիտակցությամբ:
Հաճկատարն այնքան հռչակված է եղել, որ ռումինացիներն այն կոչել են պարզապես Միտոկուլ Արմենեսկª Հայոց վանք: Սուչավայի պատմության կարևոր հիշատակներից է և այն, որ աբեղայական ձեռնադրությունից հետո մինչև հոգևորականի իր գործունեությունը սկսելը քառասնօրյա առանձնացման շրջանը Վազգեն Վեհափառը 1943թ. անցկացրել է այս վանքում:
Քանի որ Հաճկատարը նվիրված է Տիրամորը, գլխավոր ուխտագնացությունը թե° հայերի և թե° ռումինացիների կողմից կատարվում է Տիրամոր Վերափոխման տոնին:
Հաճկատարը ունի նաև անչափ թանկ ու նվիրական մի մասունքª Տաթևի վանքի զանգը, որի վրայի արձանագրությունում ասվում է, որ այն պատրաստվել է 1244թ.: Այս զանգով անիական վերհուշին միախառնվում են հայոց լեռնաշխարհի վանքերի ղողանջները:
Ռումինահայ և այժմ ամերիկաբնակ Հակոբ Գույումճյանի մեծազնիվ նվիրատվության և ռումինական իշխանությունների իրականացրած աշխատանքների շնորհիվ լիովին նորոգվել է Հաճկատարը և այս տարի Տիրամոր Վերափոխման տոնինª օգոստոսի 12-ին այստեղ մատուցվելիք հայրապետական Ս. Պատարագի ելևէջներն ու Տաթևի վանքի զանգի ղողանջները ոչ միայն ազդարարելու են Հաճկատարի պատմության առաջին հինգհարյուրամյակի ավարտը, այլև երկրորդ հինգհարյուրամյակի սկսվելը:
Հաճկատարի 500-ամյակի առիթով օգոստոսի 10-12-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ կիրականացվի ուխտագնացություն և կմատուցվի Ս. Պատարագ: Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդի զավակներին մասնակցություն բերելու կատարվելիք ուխտագնացությանը և հանդիսություններին` կրկնելով ուխտավորների սրտից բխած և հարյուրամյակների վաղեմություն ունեցող հետևյալ խոսքերը.
Սուրբ Հաճկատար, փոքրիկ տաճար,
Ամենեցուն դու տաս մեզ ճար,
Սուրբ Հաճկատար, փոքրիկ բլուր,
Ամենեցուն խնդիրքը տուր:
Ռումինիայի Հայոց թեմի
մամլո դիվան