Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության համաձայն յուրաքանչյուր Մեծ կամ Տաղավար տոնից առաջ պահեցողական շրջան է սահմանված: Այս պահքերից ամենահայտնին, թերևս, «Մեծ» կամ «Քառասնորդական» անվանված պահքն է: Այն «Մեծ» է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ երկար տևողություն (48 օր) ունի, այլ նաև այն պատճառով, որ նախորդում է Քրիստոնեության առանցքը հանդիսացող Սուրբ Հարության տոնին: Ողջ Պահքի շրջանում ծիսական բոլոր շքեղությունները վերանում են, ավելի համեստ են դառնում հոգևորականների զգեստները: Արարողությունների ժամանակ դադարեցվում է քշոցների հնչումը (քշոցների ձայնը խորհրդանշում է հրեշտակների երգեցողությունը): Սուրբ Պատարագը մատուցվում է փակ վարագույրի ետևում, իսկ Հաղորդություն և մաս չի բաշխվում: Մեծ պահքի ողջ ընթացքը բաժանվում է 8 շաբաթների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծիսական և բովանդակային առանձնահատկությունները: Այդ շաբաթներից յուրաքանչյուրի կիրակին ունի իր անվանումը` համապատասխան Աստվածաշնչի կիրակնօրյա ընթերցածների բովանդակությանը: Կիրակիներին նախորդող շաբաթ օրերին սրբոց տոներ են, որոնց ժամանակ Սուրբ Պատարագ է մատուցվում միայն տվյալ Սուրբի անունը կրող եկեղեցիներում և Սուրբ Հաղորդություն է տրվում: Մեծ պահքի առաջին կիրակին կոչվում է «Բուն Բարեկենդան»: Այն մարդուն հիշեցնում է Ադամի վիճակը մինչև մեղք գործելը, այսինքն հիշեցումն է այն երանության մասին, որը վայելում էր Ադամը դրախտում, և այն մասին, թե ինչպե՛ս պահքի ողջ ընթացքում մարդը պետք է ձգտի հասնելու դրախտային երանութանը: Բուն Բարեկենդանին նախորդ օրը` շաբաթօրյա երեկոյան ժամերգության ժամանակ բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները փակվում են` ի նշան մեղքի հետևանքով մարդու և Աստծո միջև հարաբերության խաթարման և Աստծուց հեռանալու (սուրբ խորանը Երկնքի` խորհորդն ունի): Բուն Բարեկենդանին հաջորդող չորեքշաբթի օրվանից Հայոց Եկեղեցիներում սկսվում են Արևագալի, Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները: Բուն Բարեկենդանի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 58:1-14, Հռոմ. 13:11-14:25 , Մատթ. 6:1-21: Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է «Արտաքսման կիրակի»: Այն ներկայացնում է նախահայր Ադամի մեղանչումն ու դրա հետևանքով արտաքսումը դրախտից: Արտաքսման կիրակիին նախորդող շաբաթ օրը նշվում է Սբ. Թեոդորոս զորավարի տոնը: Արտաքսման կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 33:2-22 , Հռոմ. 12:1-13:10, Մատթ. 5:17-48: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է «Անառակի կիրակի»` համապատասխան օրա ավետարանական հատվածին, որն է «Անառակ որդու վերադարձը»: Այս կիրակին խորհրդանշում է մարդու դարձը դեպի Աստված: Անառակի կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնվում է Սբ. Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի տոնը: Անառակի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 54:11-55:13 , Բ Կորնթ. 6:1-7:1, Ղուկ. 15:1-32: Մեծ պահքի չորրորդ կիրակին կոչվում է «Տնտեսի կիրակի». ընթերցվում է «Անիրավ տնտեսի առակը»: Այս կիրակին հիշեցնում է մարդուն տրված աստվածային բարիքների ճիշտ տնօրինման կարևորությունը: Նախորդող շաբաթ օրը Սբ. Հովհաննես Երուսաղեմի հայրապետի, Սբ. Հովհան Օձնեցու, Սբ. Հովհան Որոտնեցու և Սբ. Գրիգոր Տաթևացու տունն է: Տնտեսի կիրակիին հաջորդող չորեքշաբթի օրը լրանում է Մեծ պահքի 24-րդ օրը, որով պահոց շրջանը կիսվում է: Այդ օրը կոչվում է «Միջինք»: Այդ օրվանից Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգել ստեղի (ծանր) շարականները: Տնտեսի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 56:1-57:21 , Եփես. 4:17-5:14, Ղուկ. 16:1-13: Մեծ պահքի հինգերորդ կիրակիի ավետարանական ընթերցումն «Անիրավ դատավորի առակն» է, ուստի կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»: Այն ցույց է տալիս մշատապես աղոթելու կարևորությունը: Կիրակիին նախորդող շաբաթ օրը Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնն է: Դատավորի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 65:8-25, Փիլիպ. 3:1-4:9, Ղուկ. 17:20-18:14: Մեծ պահքի վեցերորդ կիրակին կոչվում է «Գալստյան կիրակի», քանի որ Քրիստոսի երկրորդ փառավոր գալստյան խորհուրդն ունի: Նախորդող շաբաթ օրը նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ» տոնը: Այս տոնին Սուրբ Պատարագ մատուցելու համար բացվում և ապա փակվում են եկեղեցիների վարագույրները: Գալստյան կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Ես. 66:1-24, Կող. 2:8-3:7, Մատթ. 22:34-23:39 : Թեև Մեծ Պահքի տևողությունը 48 օր է, այնուամնայնիվ այն ավարտվում է «Ծաղկազարդի կիրակիով» (դրա համար էլ կոչվում է նաև «Քառասնորդական»): Ծաղկազարդը ներկայացնում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Նախորդ` շաբաթ օրը Ղազարոսի հարության հիշատակն է, բացվում են եկեղեցիների վարագույրները, կատարվում է «Դռնբացեքի» արարողություն: Ծաղկազարդի կիրակիի աստվածաշնչյան ընթերցումներն են` Երգ. 1:1-2:3, Զաք. 9:9-15, Փիլիպ. 4:4-7, Մատթ. 20:29-21:17: Ծաղկազարդի կիրակիին հաջորող Մեծի Պահոց վերջին կիրակին կոչվում է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ»: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ունի իր հատուկ խորհուրդն ու ծիսակագը: Մեծ պահքի ավարտն ազդարարվում է Տեր Հիսուս Քրիստոսի Փրկչական Սուրբ Հարության կիրակիով (աստվածաշնչյան ընթերցումներն են` Գործք 1:15-26, Մարկ. 16:2-8):
Տեր Հուսիկ քահանա Սարգսյան http://pahq.info
|