Աղոթքը մեր կյանքում կարող է դրսևորվել տարբեր ձևերով, քանի որ այն անմիջականորեն կապված է մեր անհատականության հետ: Աղոթքի ժամանակ պետք է խուսափել բոլոր տեսական բանաձևերից, որովհետև, աղոթքը բանաձևի, կաղապարի մեջ սահմանափակելով, այն դարձնում ենք ինքնանպատակ: Այսինքն` աղոթքը կյանք է, որը մենք ապրում ենք, այլ ոչ` այն բառերը, որոնք արտաբերում ենք: Հաճախ հարց է առաջանում` արդյո՞ք Աստծո մասին մտածելն աղոթք է. մարդիկ, մտորելով սուրբ-գրային գրառումների, աստվածային իրողությունների շուրջ, կարծում են` աղոթում են: Սակայն աղոթքը և Աստծո մասին մտածելը տարբեր են, թեև մեկը մյուսին կարող են լրացնել կամ բխել մեկը մյուսից: Եթե Աստծո մասին մտածելը կարող է վերածվել աղոթքի, ապա վտանգավոր է, երբ աղոթքն է փոխվում մտորումների: Օրինակ` Սբ. Պատարագին կարող ենք կանգնել աղոթքի և հիշել, որ ինչ-որ մեկին գումար ենք պարտք և տարվելով այդ մտքով՝ մեր մտահոգությունը հանձնել Աստծո դատին, ու մեզ կթվա` աղոթում ու խնդրում ենք, որ Աստված մեզ օգնի: Իրականում մենք շեղվում ենք աղոթքից, որի համար եկել ենք եկեղեցի: Ուստի եթե Աստծո մասին մտածելը հոգևոր առումով կարող է զարգացնել մեր միտքը, ամրացնել մեր գիտելիքները, ապա աղոթքն այդպիսի նպատակ չունի: Աղոթքի նպատակը Աստծուն ավելի մոտենալն ու աստվածային լույսը տեսնել կարողանալն է: Աղոթքի ճանապարհն անցնելիս պետք է հիշել ավետարանական մի ճշմարտություն. երբ Քրիստոս խոսում է փրկության մասին, աշակերտներն ասում են, թե մարդ չի կարող փրկվել՝ առաջնորդվելով Նրա առաջադրած չափանիշներով: Քրիստոսն ասում է, որ այն, ինչ մարդու համար անհնար է, Աստծո համար հնարավոր է: Այսինքն փրկության ճանապարհին մարդ պետք է անի ամեն անհնարինը, իսկ մնացած հնարավորը կանի Աստված:
...
Leer más »
|