Աղոթքը մեր կյանքում կարող է դրսևորվել տարբեր ձևերով, քանի որ այն անմիջականորեն կապված է մեր անհատականության հետ: Աղոթքի ժամանակ պետք է խուսափել բոլոր տեսական բանաձևերից, որովհետև, աղոթքը բանաձևի, կաղապարի մեջ սահմանափակելով, այն դարձնում ենք ինքնանպատակ: Այսինքն` աղոթքը կյանք է, որը մենք ապրում ենք, այլ ոչ` այն բառերը, որոնք արտաբերում ենք:
Հաճախ հարց է առաջանում` արդյո՞ք Աստծո մասին մտածելն աղոթք է. մարդիկ, մտորելով սուրբ-գրային գրառումների, աստվածային իրողությունների շուրջ, կարծում են` աղոթում են: Սակայն աղոթքը և Աստծո մասին մտածելը տարբեր են, թեև մեկը մյուսին կարող են լրացնել կամ բխել մեկը մյուսից: Եթե Աստծո մասին մտածելը կարող է վերածվել աղոթքի, ապա վտանգավոր է, երբ աղոթքն է փոխվում մտորումների: Օրինակ` Սբ. Պատարագին կարող ենք կանգնել աղոթքի և հիշել, որ ինչ-որ մեկին գումար ենք պարտք և տարվելով այդ մտքով՝ մեր մտահոգությունը հանձնել Աստծո դատին, ու մեզ կթվա` աղոթում ու խնդրում ենք, որ Աստված մեզ օգնի: Իրականում մենք շեղվում ենք աղոթքից, որի համար եկել ենք եկեղեցի: Ուստի եթե Աստծո մասին մտածելը հոգևոր առումով կարող է զարգացնել մեր միտքը, ամրացնել մեր գիտելիքները, ապա աղոթքն այդպիսի նպատակ չունի: Աղոթքի նպատակը Աստծուն ավելի մոտենալն ու աստվածային լույսը տեսնել կարողանալն է:
Աղոթքի ճանապարհն անցնելիս պետք է հիշել ավետարանական մի ճշմարտություն. երբ Քրիստոս խոսում է փրկության մասին, աշակերտներն ասում են, թե մարդ չի կարող փրկվել՝ առաջնորդվելով Նրա առաջադրած չափանիշներով: Քրիստոսն ասում է, որ այն, ինչ մարդու համար անհնար է, Աստծո համար հնարավոր է: Այսինքն փրկության ճանապարհին մարդ պետք է անի ամեն անհնարինը, իսկ մնացած հնարավորը կանի Աստված: Աղոթքը միջոց կամ պայման է, որով մեր անձը, մեր հոգին դնում ենք Աստծո զոհասեղանին` հնազանդվելով Նրա կամքին և նախախնամությանը, բայց արդյո՞ք այդ «զոհը» Աստված կընդունի, մենք չենք որոշում: Պարզապես մենք մեր «զոհը» պետք է պատրաստենք հավուր պատշաճի: Օրինակ՝ Հին կտակարանում մարդիկ զոհ էին մատուցում՝ սրբորեն պահպանելով ծիսական բոլոր մանրամասները: Այսօր մենք քննադատում ենք նրանց, ասելով, որ նրանք միայն ծեսի արտաքին ձևին էին ուշադրություն դարձնում: Բայց կարգ ու կանոնին հետևելը կարևոր է: Աղոթքի ճանապարհն էլ այդպիսին է. մենք պետք է մեր ուժերի սահմաններում անենք առավելագույնը, և Աստված, տեսնելով մեր հավատքը և ջերմեռանդությունը, կընդունի մեր աղոթքը՝ հաստատելով մեր անկարողությունը` դրա վրա իբրև սպեղանի դնելով Իր ամենազոր աջը և Իր զորավոր հույսը:
Աստծո մասին մտածելը կարող է կամուրջ հանդիսանալ մարդկային անզորության և աստվածային զորության միջև, որից մարդու և Աստծո հանդիպումը կդառնա իրական և կենդանի: Վերջին հաշվով` հոգևոր կյանքը պահանջում է անել այն, ինչ ճշմարիտ է և առաջնորդում է դեպի կատարելություն: Ուստի հավատացյալ մարդը պետք է ունենա պատասխանատվության բարձր գիտակցում, հասկանա, որ իր հավատքի նկատմամբ ինքն է պատասխանատու, ինչն էլ դրսևորվում է աղոթքում:
Աղոթք և օրենք
Հաճախ հարց է առաջանում, թե ինչպես ենք աղոթում` եկեղեցու հայրերի գրած աղոթքներո՞վ, թե` մեր բառերով: Այստեղ առաջանում են օրենքներ, որոնք աղոթելիս ոչ թե օգնում, այլ` խանգարում են: Օրինակ, հաճախ եկեղեցու հայրերի գրած աղոթքներով առաջնորդվելը մեզ համար դառնում է օրենք, և մենք հետզհետե սկսում ենք այդ աղոթքները կարդալ մեխանիկորեն, որը ինքնախաբեություն է: Միայն աղոթագրքերով առաջնորդվելը նման է Աստծո հետ զրուցարանով խոսելուն: Օրինակ, երբ հանդիպում ենք մեզ սիրելի մարդու, նրա հետ զրուցարանով կամ հատուկ դիմելաձևերով չենք խոսում, այլ լինում ենք ազատ: Եթե սիրում ենք նրան, միշտ ասելիք ունենք, իսկ եթե չենք սիրում` ասելիք չկա: Ուստի եթե սիրում ենք Աստծուն, միշտ մեր հոգում ինչ-որ բան ունենք, որը աղոթելիս մեր բառերով, մեր հավատքի չափով կարող ենք ներկայացնել Նրան:
Բացի վերոնշյալը, եկեղեցու հայրերի գրած աղոթքները ևս շատ կարևոր են և չպետք է ասել՝ ես իմ բառերով եմ աղոթում, և քանի որ եկեղեցու հայրերի աղոթքները չեմ հասկանում, դրանք ինձ պետք չեն: Երբ փրկության ճանապարհն անցնում ենք եկեղեցու հետ, մոլորվելու հավանականությունը քիչ է: Այդ աղոթքները կարդալիս ոչ թե պետք է հիանալ դրանց գեղեցիկ շարադասությամբ, այլ պետք է հասկանալ և գտնել դրանց իմաստը մեզ համար:
Աղոթք և ժամանակ
Աղոթքի համար հարկավոր է ժամանակ. նախ պետք է աղոթելու համար գտնել ժամանակ և հետո` աղոթքի ժամանակ չպետք է շտապել, որովհետև հաճախ աղոթում ու մտածում ենք՝ կես ժամ հետո գործ ունենք, շուտ աղոթենք ու գնանք: Այդպես ժամանակը խանգարում է և աղոթքը չի ստացվում: Նշանակում է՝ մենք Աստծուն հանդիպելու փոխարեն պարզապես Նրա «կողքով անցանք»: Աղոթելիս պետք է կարողանալ հաղթահարել ժամանակը, այսինքն՝ կանգնեցնել ժամանակը: Դա վայրակյաններին կամ րոպեներին չի վերաբերում: Գոյություն ունի ժամանակի երկու ընկալում. մեկը չափում ենք վայրկյաններով ու րոպեներով, որն անհնար է կանգնեցնել, մյուսը՝ իրադարձություններն են կամ մարդկային անհանգստությունները: Օրինակ, երբ խնդիրներ ու դժվարություններ ենք ունենում՝ ժամանակը թվում է կանգնած, իսկ երբ ուրախ ու երջանիկ ենք, ժամանակն արագ է անցնում: Աղոթելիս պետք է կանգնեցնել այս ժամանակը, այսինքն՝ կարողանալ մի պահ ազատվել հոգսերից ու խնդիրներից և Աստծուն տեսնելու համար, պետք է փորձել հանդարտեցնել միտքը:
Ավետարանում ասվում է՝ երբ աղոթքի ես կանգնում, մտիր քո սենյակ, դուռը փակիր ու աղոթիր: Այսինքն՝ ցուցամոլությամբ մի աղոթիր կամ փակիր հոգուդ դռները, որ չարը չխանգարի: Երբ աղոթքի ժամանակ փորձում ենք կազմակերպել մեր և Աստծո միջև հանդիպումը, ապա մեկ ժամ հետո ծրագրավորված խնդիրներն ու գործերը չպետք է խանգարեն: Պետք է կարողանալ ժամանակի մեջ կարևորել ոչ թե անցածն ու գալիքը, այլ` ներկան: Այսինքն, աղոթքի ժամանակ կարևորը Աստված է, մենք և այն ժամանակը, որը ներկայում է:
Աղոթք և բառեր
Աղոթքի ժամանակ միշտ փնտրում ենք բառեր և աղոթելու փոխարեն փորձում ենք կազմել գեղեցիկ նախադասություններ: Երբեմն լռելն ու այդ լռության մեջ Աստծո ձայնը լսելը կարող է լինել ամենալավ աղոթքը, քան՝ անթերի հայերենով շքեղ նախադասությունները: Պետք է կարողանալ այդ լռությանը հասնել ոչ թե ինչ-որ բան ասելու, այլ՝ Աստծուն տեսնելու նպատակով: Այդ ժամանակ լռությունը կդառնա լուսավոր մի իրողություն: Ուստի այլ բան է շրջապատի աղմուկը չլսելը, և մեկ այլ բան՝ շրջապատի լռությունը զգալը և լռության մեջ Աստծուն հանդիպելը: Իսկ իրականում՝ աղոթքներով Աստծուն պետք չէ փնտրել, քանի որ Նա միշտ մեր կողքին է և Նրանով ենք շրջապատված: Աստված ամենուր է և ամեն տեղ կարելի է տեսնել ու հանդիպել Նրան:
Աղոթք և յոգա
Հաճախ աղոթքը և յոգան նույնացվում են: Սակայն յոգան ուսմունք է, ըստ որի կարևոր է մարդու անձը, և մարդ փորձում է Աստծուն հասնել ինքնուրույն: Դա շատ հաճախ ձախողման է ենթակա, որովհետև մարդը միայնակ չի կարող հասնել Աստծուն: Մարդիկ, հետևելով յոգայի վարժություններին, կարծում են՝ աղոթում են, բայց իրականում հրաժարվում են իրենց հոգուց, քանի որ այդ ուսմունքում մարդու սիրտն ու հոգին կարևոր չեն, կարևորը միտքն է և ինտելեկտը: Վարժությունների միջոցով մարդիկ գիտակցաբար կարող են հասնել գիտակցական մի ոլորտ և տեսնել ոչ թե Աստծուն, այլ` իրենք իրենց: Դա յոգայի սկզբունքն է կամ պտուղը: Այդտեղ Աստված գոյություն չունի, որովհետև Նրան հնարավոր է տեսնել ոչ թե ինտելեկտի կամ մտքի, այլ՝ հոգու և սրտի շնորհիվ:
Արևելյան մի շարք ուղղություններ, ինչպես նաև յոգան մարդուն առաջնորդում են ոչ թե Աստծո, այլ՝ հենց մարդու բացահայտմանը: Քրիստոնեության մեջ ևս կա ամեն տեսակ մտահոգություններից ու խնդիրներից մտքի ազատագրման գաղափարը, բայց միտքն ու հոգին անբաժան են: Եթե Բուդդան սովորեցնում է պարզապես խոսքով ազատվել տանջանքներից, ապա Քրիստոս սովորեցնում է հետևել իր օրինակին: Քրիստոնեությունը առաջնորդում է ազատվել չարիքից ու հիվանդությունից առանց զգալու դրանց ծանրությունը սեփական մաշկի վրա, որովհետև ի դեմս Քրիստոսի ազատագրվեցինք չարիքից:
Աղոթք և բարեխոսություն
Հաճախ Աստծուց խնդրում ենք, որ մեզ փորձության չտանի, սակայն կրկին ընկնում ենք փորձության մեջ: Գուցե այդ փորձությունները հնարավորություն են տալիս վերանայելու մեր կյանքը՝ անդրադառնալով սեփական սխալներին: Այս իմաստով աղոթքը կարող է լինել նաև բարեխոսական. այս կամ այն Սրբի բարեխոսությանը ապավինելով, Աստծուց խնդրում ենք ազատվել ինչ-որ իրավիճակից կամ փորձությունից: Եվ հաճախ ինքներս մեզ այդ զատում ենք մեր սեփական փորձություններից ու Սրբին խնդրում ենք «մտնել» մեր փորձությունների մեջ և միայնակ լուծել այն: Սակայն, որպեսզի կարողանանք որևէ խնդիր աղոթքով կամ բարեխոսությամբ լուծել, պետք է ինքներս պատասխանատվություն կրենք մեր դժվարությունների համար: Այսինքն՝ աղոթքը պաշտպանիչ դաշտ չէ, որով պաշտպանվենք ու զատվենք մեր կյանքից ու խնդիրներից, այլ Աղոթքը միջոց է, որով որպես համարձակորեն կարող ենք հաղթահարել ամեն փորձություն:
http://holytrinity.am/
Տ. Եսայի քհն. Արթենյան