Inicio » 2012»Noviembre»9 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդին
12:35 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդին
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հյուսիսային Իրաքից Հայաստան ժամանած աշխարհի եզդիների հոգևոր բարձրագույն առաջնորդ Միրե-Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդի այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ի դեմս եզդիների հոգևոր առաջնորդի շնորհավորելով հայաստանաբնակ եզդիներին` սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում սրբատեղիի օրհնության առիթով: Իր խոսքում Նորին Սրբությունը ուրախությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին` նշելով նաև, որ եզդի ժողովրդի զավակները լիիրավ ինտեգրված են Հայաստանի կյանքին: Հանդիպման ընթացքում Միրե-Միրա Թախսին Բեգը կարևորեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը` գոհունակություն հայտնելով, որ եզդիները ազատորեն ապրում են իրենց ազգային-կրոնական կյանքով, ինչի վկայությունն է Արմավիրի մարզում բացվելիք սրբավայրը: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Իրաքի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Պարույր Հակոբյանը: Հանդիպումից հետո պատվիրակությունն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր արժեքներին: