Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ռայներ Մորելին:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ անդրադարձավ հայ-գերմանական հարաբերություններին, դրանց ամրապնդմանն ուղղված դեսպանատան ջանքերին, ինչպես նաև Մայր Աթոռի և դեսպանատան միջև սերտ կապերին:
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու համագործակցությունը Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու, ավետարանական հարանվանությունների և քրիստոնեական կազմակերպությունների հետ սոցիալական և կրթական տարբեր ծրագրերում` տեղեկացնելով, որ այդ շրջանակներում վերջին տարիներին Մայր Աթոռի վեց միաբաններ իրենց կրթությունը շարունակել են Գերմանիայի բարձրագույն կրթական հաստատություններում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանման, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման գործում հոգևոր առաջնորդների կարևոր դերակատարությանը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան