Սեպտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը, ողջունելով Իրաքի փոխվարչապետի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց երկու ժողովուրդների միջև պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հատկանշված են եղել ջերմությամբ, փոխըմբռնման ու համագործակցության ոգով: Ամենայն Հայոց Հայրապետը այս առնչությամբ գոհունակություն հայտնեց, որ համահունչ այդ բարեկամությանը երկու երկրների փոխհարաբերությունները նոր որակ են ձեռք բերում` ուղենշելով համագործակցության տարբեր ոլորտներ:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնավոր անդադարձ կատարեց Իրաքի հայ համայնքին` ուրախությամբ նշելով, որ երկրի խնդիրների կարգավորման հետ մեկտեղ առաջընթաց է ապրում նաև հայ համայնքը` վերադառնալով իր բնականոն կյանքին: Նորին Սրբությունը խոսեց նաև Իրաքի հայոց թեմի գործունեության, միջեկեղեցական-միջկրոնական հարաբերություններում փոխհասկացողության, համերաշխության և եղբայրական ոգու զորացմանն ուղղված թեմի ջանքերի մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոխվարչապետի միջոցով իր գնահատանքը հղեց Իրաքի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ունեցած ուշադրության, ինչպես նաև այն օժանդակության համար, որ ցուցաբերվում է համայնքի ազգային-եկեղեցական կառույցերի վերակառուցման և հաստատման գործում:
Իր հերթին, Իրաքի փոխվարչապետը, ուրախություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոն իր առաջին այցի առիթով, Վեհափառ Հայրապետին փոխանցեց Իրաքի նախագահի և վարչապետի ջերմ ողջույնները: Պրն. Շաուեյսը նշեց, որ ամեն ջանք պետք է գործադրվի երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները պահպանելու համար: Իրաքի փոխվարչապետն ընդգծեց նաև Հայ եկեղեցու և հայ համայնքի կարևոր և դրական դերակատարությունը երկրի կյանքում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված արդյունավորի երկու երկրների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հաստատուն խաղաղության մեջ պահի Իրաքը և նրա աստվածասեր ժողովրդին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան