Հուլիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ինչպես նաև եղբայրական հարաբերություններին համահունչ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը: Մասնավորապես ընդգծվեց, որ նման փոխադարձ այցելությունները գալիս են ավելի սերտացնելու և առավել խթանելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց օրեր առաջ ՌԴ Կրասնոդարի շրջանում տեղի ունեցած աղետին` ի դեմս տիկ. Մատվիենկոյի իր ցավակցությունն ու սրտակցությունը հայտնելով ՌԴ իշխանություններին և ժողովրդին ջրհեղեղի հետևանքով զոհված հարյուրավոր քաղաքացիների համար:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահը խոսեցին նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ հարաբերությունների ու արդյունավետ համագործակցության, Ռուսաստանում հայ համայնքի ազգային-հոգևոր կյանքի կազմակերպման մասին: Այս առիթով Նորին Սրբությունն իր օրհնությունը և գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանություններին Ռուսաստանում հայորդիներին և Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության և ուշադրության, ինչպես նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիկ. Վալենտինա Մատվիենկոյին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սբ. Սահակ – Սբ. Մեսրոպ» պատվո բարձր շքանշան` հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման, Սանկտ Պետերբուրգի հայկական հոգևոր և ազգային արժեքների պահպանման գործում ունեցած կարևոր ներդրման համար:
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալի Աջը միշտ հովանի լինի երկու երկրներին և Աստծու օրհնությամբ անխախտ մնա երկու ժողովուրդների եղբայրությունը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան