Հուլիսի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկու և Հայաստանում, Վրաստանում ու Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց կարդինալի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռի և Վատիկանի միջև կրթական և սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարևորությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի և Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով նաև կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Նորին Սրբությունը բարձր գնահատեց վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ:
Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների և համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձևավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:
Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցեց Հռոմի Սրբազան Քահանայապետին:
Իր հերթին, կարդինալ Սանդրին ևս ուրախություն հայտնեց հանդիպման առիթով և անդրադարձավ Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Ժողովի նախագահն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց նաև Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելեցին Մայր Տաճար, աղոթք բարձրացրեցին Իջման Ս. Սեղանի առջև:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան