Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հուլիսի 16-21-ը Ծաղկաձորի Գրողների տանն անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ծրագրում ընդգրկված էին շուրջ 150 ուսուցիչներ հայաստանյան բոլոր թեմերից:
Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես եկան Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը և «Վորլդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի` ՀՀ կառավարության և Եկեղեցու հետ կապերի պատասխանատու տիկ. Կարինե Հարությունյանը, ովքեր, երկուստեք կարևորելով կառույցների արդյունավետ համագործակցությունը, հույս հայտնեցին, որ այն շարունակական և առավել ընդգրկուն կլինի:
Դասընթացի օրակարգում ընդգրկված էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանաբանության, Սուրբ Գրքի և եկեղեցաբանական տարաբնույթ հարցերի վերաբերյալ դասախոսություններ, որոնք ներկայացվեցին ինչպես հոգևորականների, այնպես էլ աշխարհական մասնագետ բանախոսների կողմից: Առաջին անգամ դասընթացի շրջանակներում Արարատյան Հայրապետական և Արմավիրի թեմերի ուսուցիչները ներկայացրեցին օրինակելի դասեր, որոնց հետևեցին մեթոդական քննարկումներ:
Դասընթացի ավարտին ուսուցիչները Կեչառիսի վանքում մասնակցեցին ուխտի Ս. Պատարագին:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան