Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին` ուղեկցությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի: Հանդիպմանը ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման առիթով` տեղեկացնելով անցած օրերի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության առիթով` ընդգծելով, որ այն համահունչ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և եղբայրական ոգուն: Նորին Սրբությունը ողջունեց Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը` հաջողություն մաղթելով միջկառավարական հանձնաժողովի հետագա աշխատանքներին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերություններին: Խոսվեց նաև հասարակական կյանքում հոգևոր արժեքների կարևոր դերակատարության մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան