Հունիսի 10-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին` ուղեկցությամբ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը հյուրին ներկայացրեց Հայ Եկեղեցու պատմական ուղին, ժողովրդի կյանքում ունեցած դերն ու նշանակությունը: Մասնավոր անդրադարձ կատարվեց խորհրդային շրջանում եղած դժվարություններին ու խոչընդոտներին, ինչպես նաև Հայրենիքի անկախության քսան տարիների ընթացքում արձանագրած ձեռքբերումներին:
Անդրադառնալով երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջպետական կապերը հետզհետե ավելի են սերտանում ու ամրապնդվում: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ նմանատիպ այցելությունները պիտի նպաստեն փոխադարձ ճանաչողությանը և արդյունավետ համագործակցության ձևավորմանը:
Պրն. Ռուպրեխտ Պոլենցն իր հերթին ընդգծեց գերմանահայ համայնքի կյանքում Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Բունդեսթագի ներկայացուցիչը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունները ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև մշակույթի ու կրթության ոլորտներում:
Զրույցի ընթացքում խոսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նորին Սրբությունն իր մտահոգությունն արտահայտեց հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների հետևանքով վերջին օրերին արձանագրված ցավալի միջադեպերի կապակցությամբ` կարևոր նկատելով, որ այս առնչությամբ միջազգային հանրությունը վճռական ձայն հնչեցնի և հակամարտությունը կարգավորվի միմիայն խաղաղ ճանապարհով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան