Inicio » 2012»Junio»1 » Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին
4:15 PM
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մանկավարժական համալսարանի շրջանավարտներին
Մայիսի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներին` գլխավորությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պաշտոնեության: Հանդիպման սկզբում Ռ. Միրզախանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց համալսարանի շրջանավարտներին` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը երիտասարդ մասնագետներին` հետագա հաջող գործունեության համար: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Մանկավարժական համալսարանի ռեկտորին` Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելելու նախաձեռնության համար, որը գեղեցիկ առիթ է երիտասարդ մանկավարժների համար` ստանալու համայն հայ ժողովրդի նվիրական սրբավայրի օրհնությունը, հաղորդակցվելու նրա խորհրդին և վերանորոգելու իրենց ուխտը: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ պատմության ուսուցիչների կարևոր առաքելությանը` մատաղ սերնդին ազգային ոգով և գիտակցությամբ կրթելու գործում: Նորին Սրբությունն ընդգծեց, որ պատմության իմացությամբ է, որ նոր սերունդը կարող է դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացին, նոր ուղիներ բանալ Հայրենիքի առաջընթացի համար, նոր հույսեր գծագրել հայ ժողովրդի համար: Խոսելով այսօր հանրությանը մատուցվող մեր անցյալի պատմությունը խեղաթյուրող մտացածին տեսությունների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ մանկավարժներին մարտիկները լինել մեր ազգային, հարազատ արժեքների, որոնց դարերով կերտած ոգու շնորհիվ հայ ժողովուրդը շարունակում է ապրել ու արարել: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին հանձնառության ոգի դրսևորել և ամենայն նախանձախնդրությամբ ու ջանադրությամբ իրենց գիտելիքները կիրառել դաստիարակելու նոր սերնդին` ի սեր մեր ժողովրդի բարօր կյանքի: Վերջում ուրախություն հայտնելով Մանկավարժական հանալսարանի առատ հունձքի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունը բերեց շրջանավարտներին: