Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմադրո Լեմեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նախարարի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ` վստահություն հայտնելով, որ նման այցելություններն առավել կխթանեն Հայաստանի և Ուրուգվայի միջև ձևավորված համագործակցությունը` ի բարօրություն երկու ժողովուրդների: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիար Լեմեսի, երախտագիտություն հայտնեց Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Ուրուգվայի հայոց թեմին և հայ համայնքին, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում: Ուրուգվայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորեց երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը: Նախարարը նշեց նաև, որ երկու ժողովուրդները կրողն են միևնույն արժեքների ու սկզբունքների, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների արդյունավետ զարգացման համար:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյան
|