Հունիսի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ՀՀ դատավորների միության հետ համատեղ կազմակերպել էր «Իրավաբանական գիտելիքների հանրամատչելի գրադարան» ծրագրի շրջանակներում տպագրված գրքերի շնորհանդես:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ վերջին 10 տարվա աշխատանքային փորձառության ընթացքում, հոգեհարազատ ծրագիր է ՀՀ դատավորների միության և Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցությունը: Նա նշեց, որ այսօր աշխարհում փորձեր են արվում գտնել սահմաններ, թե որտեղ և ինչպես պետք է տարանջատվեն եկեղեցու և պետության գործառույթները: Դժբախտաբար, այդ իդեալական սահմանագիծը չի գտնվել. մի շարք մասնագետներ գտնում են, որ եկեղեցին այն աստիճան պետք է տարանջատված լինի պետությունից, որ դա կարող է վերածվել հասարակությունից տարանջատվածության: Բայց մենք գիտենք, որ եկեղեցու հիմնական թիրախը մեր հասարակությունն է: Որպես հետխորհրդային տարածքի երկիր` Հայաստանի Հանրապետության առջև սկզբից ևեթ ևս ծառացել էր այդ խնդիրը, թե ինչպես պետք է տարանջատվի եկեղեցու և պետության գործառույթը: Մի կողմից մենք կանգնած ենք այն իրողության առջև, ինչը որ միջնադարում հանգեցրեց կրոնական հալածանքների, մյուս կողմից` տեսնում ենք այնպիսի մի իրավիճակ, երբ եկեղեցու և պետության սերտ համագործակցության արդյունքում կարող են ազգային ինքնատիպությունը պահպանել և ազգային ինքնությունն իր վառ դրսևորումների մեջ արտահայտել: Փորձելով եվրոպական փորձը համադրել ազգայինի հետ` մենք պետք է կարողանանք այդ մոդելը գտնել: Քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից արժևորվում է եկեղեցու առաքելությունը, որը համապատասխանաբար արտացոլվում է մեր օրենսդրությունում: Մեր օրենսդրության մեջ կան բացեր: Այս ուղղությամբ բավական աշխատանք է տարվել: Եվ եկեղեցու, և պետության հարաբերությունների օրենսդրական կարգավորման բնագավառում արձանագրել ենք մեծ առաջընթաց: Եվ մենք շատ ծրագրեր ունենք, որոնք դառնում են ոչ միայն տեսական ձեռնարկներ, այլ գործնական կիրառություն են ունենում:
ՀՀ դատավորների միության հետ համագործակցության արդյունավետության և շարունակականության մասին փաստեց նաև Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ ՀՀ դատավորների միությունն իր ստեղծման օրից, իր կանոնադրության համաձայն` ստանձնել է նպաստել միության անդամների և դատավորների որակավորման բարձրացմանը, ուսուցմանը, վերապատրաստմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը, դատավորների անկախության, անձեռնմխելիության և անվտանգության ապահովմանը, հեղինակության բարձրացմանը, դատարանի և դատական իշխանության անկախության ապահովմանը, ամրապնդմանը և դատարանի նկատմամբ հասարակության վստահության աճին, օրենքով սահմանված կարգով հրատարակել պարբերական, իրավաբանական գրականություն, լուսաբանել միության անդամների փորձը, դատարանի և դատական իշխանության գործունեությունը:
Միության ստեղծման և գործունեության 15 տարիների ընթացքում ՀՀ դատավորների միությունը միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպես նաև սեփական միջոցներով տպագրել և տպագրում է բազմաթիվ գիտական, ուսուցողական գրքեր, ձեռնարկներ, որոնք հասու են ոչ միայն գործող դատավորներին, այլ նաև դատախազներին, փաստաբաններին, իրավաբանական բուհերի ուսանողներին, դասախոսական կազմին և ընդհանրապես իրավաբանությամբ զբաղվող բոլոր անձանց:
Հ.Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին ՀՀ դատավորների միության հետ համագործակցելու համար, փաստեց, որ 2007 թվականից սկսված համագործակցության արդյունքում տպագրվել են տասնյակ գիտական, ուսուցողական գրքեր, այդ թվում` «Դավանանքի իրավունք», «Դատարան և արդարադատություն», «Եկեղեցի, պետություն և հասարակություն», «Սոցիալական իրավունքներ», «Կրթության իրավունք», «Երեխայի իրավունքները», «Աշխատանքի իրավունք», «Զինծառայողի իրավունքներ», «Դատապարտյալի իրավունքներ», «Կանանց իրավունքներ», «Հոգևոր իրավունքի հիմունքներ», «Ամուսնություն և ընտանիք» և այլ գրքեր:
ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ ավագ գիտաշխատող, ինչպես նաև այդ աշխատանքների համահեղինակ Վահե Ենգիբարյանը հավելեց, որ ծրագիրը հիմնականում նպատակուղղված է հասարակության շրջանում դատարանի դերի ու հեղինակության բարձրացմանը: Այդ նպատակով աշխատանքներում, բացի հանրամատչելի ձևով տվյալ բնագավառը կարգավորող օրենսդրությունը ներկայացնելուց, ներառված են նաև համապատասխան դատական ակտեր, փաստաթղթերի ձևանմուշներ, որոնք կօգնեն քաղաքացուն առանց իրավաբանի ծառայության դիմելու ոչ միայն կանխատեսել իրենց գործի վերջնական արդյունքը, այլ նաև, դրանից ելնելով, կարող են որոշել դատարան դիմելու նպատակահարմարությունը: Աշխատություններում տպագրված իրավաբանական տարբեր փաստաթղթերի ձևանմուշները կօգնեն քաղաքացիներին ինքնուրույն լրացնել դրանք: Արդյունքում կունենանք իրավաբանորեն գրագետ ձևակերպված փաստաթղթեր, որոնք էլ կնպաստեն դատարանի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը:
Գրքույկների օգտակարության մասին են վկայում նաև պետական կառույցներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացված արձագանքները, որոնք զետեղված են ՀՀ դատավորների միության ինտերնետային էջում:
Եվ ՀՀ դատավորների միությունը, և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը փաստեցին, որ համագործակցությունը դեռ շարունակվելու է, և ստեղծվելու են շատ արժեքավոր գրքեր, աշխատություններ, որոնք արդյունավետ են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայի բարելավման և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման առումով:
Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ դատավորների միություն http://ankakh.com/