Հունիսի 5-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորով Սուրբ Գայանե վանք տարվեց սրբուհու մասունքն ամփոփող Աջը` հավատավոր հայորդիների երկրպագության և օրհնության համար: Թափորի ժամանակ սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Գայանե վանքի ուխտի այս օրը Ս. Պատարագ մատուցեց Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանը (Ֆրանսիայի հայոց թեմ): Պատարագի ընթացքում օրվա խորհրդի շուրջ քարոզեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Զակքեոս ծայրագույն վարդապետ Օհանյանը: Հայր Սուրբն անդրադարձավ հավատացյալ մարդու կյանքն ալեկոծող սև ամպերին` փորձություններին ու նեղություններին` ընդգծելով, որ եթե հավատացյալը հավատարիմ մնա Աստծուն, վստահի Աստծու խոստումներին, մնա Նրա սուրբ Եկեղեցու մեջ և իր կյանքի մեջ կարևորություն ընծայի Աստծու խոսքին, Աստված ի լրումն ժամանակի, այդ սև ամպերի մեջ պիտի դնի նորանոր օրհնությունների անձրևներ: «…Ս. Գայանյանց կյանքի մեջ էլ այդ սև ամպերը երբեք չպակասեցին: Մենք Հռիփսիմյանց և Գայանյանց անձերի մեջ օրհնում ենք Աստծու բոլոր այն գործերը, որ կատարվեցին բազմաթիվ հրաշքներով, բյուր օրհնություններով, Աստծու Ամենասուրբ Հոգու զորավոր ներգործությամբ: …Եվ այսօր էլ Աստված խոսում է մեր դարավոր ժողովրդի սրտին ու հոգուն, որ դուք եք, սիրելիներ, Աստծու սուրբ ազգն ու ժողովուրդը: Եկեք սիրտ առնենք Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց վկայուհիներից», - նշեց քարոզիչ Հայր Զակքեոսը` հրավիրելով հավատացյալ ուխտավորներին վայելել այն հրաշալի Լույսը, որ շնորհվեց Հայաստան աշխարհին սուրբ կույսերի արյան հեղմամբ, նահատակությամբ և մաքրամաքուր բարեխոսությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի Ս. Գայանե վանքի բակում կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնեցին աշխարհի չորս կողմերը և ներկա բազմաթիվ ուխտավորներին:
Նույն օրը այս շաբաթ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի առիթով Հայրենիք ժամանած միաբանները և Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին: Հուշահամալիրում, նախագահությամբ Հովնան Սրբազանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական
Համակարգ
տնօրեն` Տ. Վահրամ քահանա
Մելիքյան